Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՔԱՐՏԵԶՆԵՐԸ՝ ՀԱՎԱՍՏԻ ՈՒ ՊԵՐՃԱԽՈՍ ՄԱՐՏԻԿՆԵՐ
ՔԱՐՏԵԶՆԵՐԸ՝ ՀԱՎԱՍՏԻ ՈՒ ՊԵՐՃԱԽՈՍ ՄԱՐՏԻԿՆԵՐ

ՔԱՐՏԵԶՆԵՐԸ՝ ՀԱՎԱՍՏԻ ՈՒ ՊԵՐՃԱԽՈՍ ՄԱՐՏԻԿՆԵՐՎերջերս ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի» գիտատեխնիկական գրադարանի հարկի ներքո տեղի ունեցավ հանդիպում աշխարհագրագետ, մշակութաբան, քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ: Նա բազմաթիվ հայ պատմամշակութային և քարտեզագիտական ուսումնասիրությունների ու գրքերի հեղինակ է, որոնք  լույս են տեսել հայերեն, ռուսերեն, պարսկերեն և անգլերեն լեզուներով: Բանախոսը ներկայացրեց քարտեզագիտության ոլորտում իր բազմամյա հետազոտությունների արդյունքները, գրադարանին նվիրեց իր՝ վերջերս հրատարակված «Հայաստան, Ադրբեջան և Թուրքիա. մշակութային, աշխարհագրական և պատմական հակասությունների քննարկում» երկլեզու գիրքը և «Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմությունը» ուսումնասիրությունը:

 Վերջինում հեղինակը հավաքագրել է աշխարհի տարբեր գրադարաններում, թանգարաններում, մասնավոր հավաքածուներում առկա հնագույն ու նոր քարտեզները, որոնք բոլոր խոսքերից առավել պերճախոս ու ճշգրիտ ներկայացնում ու փաստում  են մեր ազգի  բնիկ լինելը, մեր Հայրենիքի հազարամյակների պատմությունը, դերն ու դիրքը տարածաշրջանում, պարզ ու հստակ պատասխանում են շատ հարցերի, որոնք հատկապես վերջին՝ 44-օրյա պատերազմից հետո խեղաթյուրվում են հակառակորդ պետության քարոզչամեքենայի կողմից: Սա, իհարկե, սեփական ժողովրդին և այլազգիներին մոլորության մեջ գցելու նպատակ է հետապնդում: Գրքույկի նախաբանում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը նշել է. «…Քարտեզն ինքնին խոսուն է, եթե տվյալ ժամանակաշրջանի քո երկրի թշնամին ինքն իր ձեռքով է գծում Հայաստան- Armenia անունը քարտեզի վրա: Դա նշանակում է նա ուղղակի կամ անուղղակի ընդունում է այդ երկրի գոյությունը, այն, ինչն այսօր հերքում են մեր ոսոխները»:   

ՔԱՐՏԵԶՆԵՐԸ՝ ՀԱՎԱՍՏԻ ՈՒ ՊԵՐՃԱԽՈՍ ՄԱՐՏԻԿՆԵՐ…Ռուբեն Գալչյանը ծնվել է Պարսկաստանի Թավրիզ քաղաքում, հասակ է առել Թեհրանում: Բարձրագույն կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմի Ասթոն համալսարանում: Թեև մասնագիտությամբ էլեկտրաինժեներ է, բայց ամբողջ կյանքի ընթացքում անսպառ հետաքրքրասիրությամբ զանազան քարտեզներ է հետազոտել: Երբ 1981 թ. աշխատանքի հրավերով տեղափոխվել է Լոնդոն, սկսել է հաճախել տեղական գրադարան, որտեղ շուրջ 4 մլն բացառիկ քարտեզներ են զետեղված: Հենց այդտեղից էլ սկիզբ են առել նրա հետազոտությունները:

Հանդիպման ընթացքում Ռուբեն Գալչյանը սեղմ ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացրեց իր վերջին գրքերում զետեղված կարևոր փաստաթուղթ-քարտեզներից մի քանիսը՝ կանգ առնելով դրանց ստեղծման ժամանակաշրջանի, պատմական անցքերի ու իրադարձությունների վրա: Հայաստան երկրի մասին վկայությունները ամրագրված են բոլոր ներկայացվող քարտեզներում՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Անգամ, երբ Հայաստանը պետականություն չի ունեցել, նշվում է քարտեզներում՝ վկայելով տվյալ տարածքներում բնիկ ժողովրդի՝ հայերի մեծամասնություն լինելը:

ՔԱՐՏԵԶՆԵՐԸ՝ ՀԱՎԱՍՏԻ ՈՒ ՊԵՐՃԱԽՈՍ ՄԱՐՏԻԿՆԵՐ«Հայաստանի անունը առկա է բազմաթիվ հնադարյան պատմական տեքստերում: Պարսից արքայից արքա Դարեհ Մեծը «Հայաստան» անունը արձանագրել է իր հանրահայտ Բեհիսթունյան սեպագիր արձանագրության վերը ցուցադրված տեքստում:

Այս եռալեզու արձանագրության մեջ նշված է, որ նա իր հայ զորավար Դադարշիշին ուղարկել էր Հայաստան (մ.թ.ա. 521 թ.)՝ վերահասու լինելու այնտեղի դեպքերին: Նույն տեքստում Հայաստանի անունը էլամերեն նշված է որպես «Հարմինույա», հին պարսկերենով՝ «Արմինա», իսկ Բաբելոնյան սեպագրով՝ «Ուրարտու»: Սրանք երեքն էլ նույն երկրին տրված անվանումներն են:

ՔԱՐՏԵԶՆԵՐԸ՝ ՀԱՎԱՍՏԻ ՈՒ ՊԵՐՃԱԽՈՍ ՄԱՐՏԻԿՆԵՐՀնագույն և ամենակարևոր աշխարհացույց քարտեզը մի փոքրիկ բաբելոնյան կավե սալիկ է՝ 8×12,5 սմ չափսերով, որը Լոնդոնի Բրիտանական թանգարանում է ցուցադրվում և համարյա ժամանակակից է Դարեհ Մեծի արձանագրությանը:

Այստեղ բուն աշխարհը ցույց է տրված որպես մի շրջանաձև սկավառակ, որի վերևում՝ հյուսիսում, այն լեռներն են, այսինքն՝ Հայկական բարձրավանդակը կամ լեռնաշխարհը, որտեղից սկիզբ է առնում Եփրատ գետը: Մեջտեղում է աշխարհի կենտրոն Բաբելոնը, որից հյուսիս-արևելք Ասորեստանն է, իսկ դրանից հյուսիս Ուրարտու-Հայաստանը: Ըստ գերմանացի վերծանողի՝ սալիկի վրա նշված երեք երկրներն են Ասորեստանը, Բաբելոնը և Հայաստանը: Սա Հայաստանի գոյության հնագույն վկայականներից է: Սալիկը  հայտնաբերվել է Իրաքի Սիփփար քաղաքում:

ՔԱՐՏԵԶՆԵՐԸ՝ ՀԱՎԱՍՏԻ ՈՒ ՊԵՐՃԱԽՈՍ ՄԱՐՏԻԿՆԵՐՄիջնադարյան կարևոր քարտեզագիրներից էր հոլանդացի Աբրահամ Օրտելիոսը (1528-1598): Փոքր չափսերի պատճառով նա իր «Աշխարհացույց» քարտեզում նշում է միայն կարևոր երկրները: Եվրոպայում նշված են Հունաստանը, Իտալիան, Գերմանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան և «Անատոլիա» երկրամասը: Իսկ Կովկասի հարավում նա նշում է միայն Հայաստան, Սիրիա և Իրան երկրները:

Օրտելիոսի քարտեզի այս հատվածում Կովկասից հարավ ցուցադրված է միայն մեկ երկիր՝ Հայաստանը: Հյուսիսում է Դերբենդը, արևելքում՝ Թավրիզը, հարավում՝ Մոսուլը, Հալեպը, Շիրազն ու Շոշը, ինչպես նաև Երուսաղեմն ու Բաղդադը, իսկ արևմուտքում են Տրապիզոնն ու Տրոյան:

Քարտեզի վրա, իհարկե, Ադրբեջան անունով երկիր չկա:

ՔԱՐՏԵԶՆԵՐԸ՝ ՀԱՎԱՍՏԻ ՈՒ ՊԵՐՃԱԽՈՍ ՄԱՐՏԻԿՆԵՐԱյսօր մեզ հայտնի Ադրբեջանը ծնվել է միայն 1918թ., և դա կարելի է հստակ ապացուցել բազմաթիվ քարտեզներով: Դրանից առաջ Արաքսից հյուսիս նման երկիր գոյություն չի ունեցել: Մինչդեռ, Իլհամ Ալիևը այսօր հայտարարում է, թե իր երկիրը 3000 տարվա պատմություն ունի:

Իսլամական այս քարտեզը Բալխի դպրոցինն է, որտեղ սովորաբար  կազմվել են միայն մուսուլմանական երկրների քարտեզները: Կովկասից հարավ ընկած քրիստոնյա երկրներից միմիայն Հայաստանն է նշված այս քարտեզներում, քանի որ, ըստ նրանց, հայերը սերտ առևտրական և քաղաքական կապեր ունեին Իրանի Ատրպատական նահանգի, Աղվանքի և այլ իսլամական երկրների հետ: Առան-Աղվանքը Կուրի ու Արաքսի միջև է, իսկ Հայաստանը՝ Արաքսի վրա և դրա հարավ-արևմուտքում Իրանի Ատրպատական նահանգը նշված է գլխատառերով: Բոլոր իսլամական քարտեզներում Առանը և Ադրբեջանը ցույց են տրված որպես երկու տարբեր երկրներ, իսկ Ադրբեջանն այսօր պնդում է, թե դրանք մեկ երկիր են: Իսլամական քարտեզագրության մեջ Արաքսից հյուսիս Ադրբեջան անունով երկրամասն ընդհանրապես գոյություն չունի: Մի կողմից Ալիևը համարում է, որ իրենք աղվանների շառավիղն են, իսկ մեկ այլ դեպքում ասում է՝ «Թուրքերը և մենք նույն ցեղն ենք, նույն ազգը: Մեզ օտարներն են բաժանել երկու երկրի միջև»: Ակնհայտ է, որ նա պետք է կողմնորոշվի, ի վերջո, ո՞րն է ընտրում՝ ա՞յս անցյալը, թե՞ մյուսը:

ՔԱՐՏԵԶՆԵՐԸ՝ ՀԱՎԱՍՏԻ ՈՒ ՊԵՐՃԱԽՈՍ ՄԱՐՏԻԿՆԵՐՆույն պատկերն է նաև 1877 թ. Օսմանյան ռազմական քարտեզում, որտեղ ներկայիս Ադրբեջանի տարածքն անվանված է Շիրվան, իսկ Ադրբեջան անվանումը տրված է Իրանի Ատրպատական նահանգին: Այսինքն՝ Օսմանյան Կայսրությունն էլ իր ժամանակին ցույց է տվել, որ Ադրբեջան՝ որպես այդպիսին չկա:

Անցնենք առաջ՝ խորհրդային շրջանին առնչվող քարտեզներին:

1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանն ընդունեց խորհրդային կարգերը, և մյուս օրը Ադրբեջանի կոմունիստական ղեկավարությունը որոշում կայացրեց, որով վիճելի տարածքներից հիմնականում հայաբնակ Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը լինելու էին Հայաստանի տարածքում: Պետք է նշել, որ Լեռնային Ղարաբաղ անվանման տակ էին ներկայիս Արցախը, Քաշաթաղը և Քարվաճառը, որոնք համարվում էին միասնական տարածք՝ «Լեռնային Ղարաբաղ»:

ՔԱՐՏԵԶՆԵՐԸ՝ ՀԱՎԱՍՏԻ ՈՒ ՊԵՐՃԱԽՈՍ ՄԱՐՏԻԿՆԵՐԱյսպիսով՝ երբ դեկտեմբերին Հայաստանը խորհրդայնացվեց, նրա ամբողջ տարածքը 43000 քառակուսի կմ էր: Ռուսաստանի Դաշնությունը և ապա ԽՍՀՄ-ի ղեկավարությունը, առանց երկար սպասելու, սկսեց այս սահմանները ևս ենթարկել փոփոխության և իր կապերը բարելավելու նպատակով հարևաններին հողամասեր հատկացնել Հայաստանի տարածքների՝ սկսած Նախիջևանից ու Լեռնային Ղարաբաղից մինչև անկլավներ Հայաստանի տարածքից, ինչպես նաև Ադրբեջանի քրդերի համար թիրախավորված արոտավայրեր: Այլ կերպ ասած՝ առկա խնդիրները լուծվեցին ի հաշիվ Հայաստանի:

1920 թ. նոյեմբերի 30-ին Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին, որ Նախիջևանն ու Լեռնային Ղարաբաղը Հայաստանին են պատկանելու: Այս որոշումը 1921 թ. հուլիսի 4-ին Ստալինը Բաքվում սկզբում վավերացրեց, բայց հուլիսի 5-ին նրա ղեկավարած Կովկասյան բյուրոն փակ նիստից հետո հայտարարեց, որ այդ տարածքները պետք է տրվեն Ադրբեջանին:

Ադրբեջանին փոխանցված տարածքները ներառում էին Արևելյան Սյունիքը, որի արևելյան սահմանը մինչ այդ Հագարու (Աղավնո) գետն էր: Այսպիսով՝ Նախիջևանից ու Լեռնային Ղարաբաղից բացի, Սյունիքի Արևելյան մասից Ադրբեջանին հանձնվեց նաև մի քանի հարյուր քառ. կմ տարածք:

ՔԱՐՏԵԶՆԵՐԸ՝ ՀԱՎԱՍՏԻ ՈՒ ՊԵՐՃԱԽՈՍ ՄԱՐՏԻԿՆԵՐՀայաստանը և Արցախը 1985 թ.: Այստեղ կապույտով նշված են 1925-1940 թթ. տարբեր պատճառներով Հայաստանից վերցված և Ադրբեջանին կցված տարածքները: Սրանք Ադրբեջանին հանձնելու հիմնական պատրվակն այն էր, որ Արցախի և Հայաստանի միջև Ադրբեջանը ծրագրում էր ստեղծել «Կարմիր Քրդստանը», որտեղ պետք է տեղափոխվեին Ադրբեջանի տարբեր շրջաններում բնակվող խաշնարած քրդերը, որոնք, ըստ ադրբեջանական մարդահամարի, կազմում էին շուրջ 34 հազ. շունչ:

Ըստ Ադրբեջանի՝ քրդերին հատկացվելիք տարածքը, լինելով լեռնային, խաշնարածների համար չուներ բավարար արոտավայրեր, որոնք, սակայն, կային Հայաստանի տարածքում: Այս նկատառումով ժամանակի Անդրկովկասյան Դաշնությունը, որի կազմում էին Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, տարբեր նիստերի որոշումներով Ադրբեջանին է հատկացրել ավելի քան 1200 քառ. կմ դաշտ ու արոտավայր քուրդ խաշնարածների ապրուստն ապահովելու նպատակով: Այս տարածքները հաճախ հանձնվել են առանց նույնիսկ տեղաբնակների գիտության:

Տարածքներ են հանձնվել նաև Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերից: Բացի այդ, Հայաստանի տարածքում ստեղծվել է երեք ադրբեջանական անկլավ, իսկ Արծվաշենը, որը 1926 թ. դեռ Հայաստանի տարածքում էր, հանձնվել էր Ադրբեջանին՝ որպես հայկական անկլավ Ադրբեջանի տարածքում:

«Կարմիր Քրդստան» կոչված ծրագիրն, իհարկե, այդպես էլ չիրագործվեց, չնայած որ այն միակ հիմնավորումն էր, թե ինչու տվյալ տարածքները պետք է Ադրբեջանի կազմում լինեին:

ՔԱՐՏԵԶՆԵՐԸ՝ ՀԱՎԱՍՏԻ ՈՒ ՊԵՐՃԱԽՈՍ ՄԱՐՏԻԿՆԵՐՀայաստանի քարտեզը 1940 թ.: Այստեղ արդեն առկա է Ադրբեջանի երրորդ անկլավը՝ Տիգրանաշենը՝ ներքևում նշված կարմիր սլաքով, և հայկական անկլավ Արծվաշենը՝ նշված կապույտով Ադրբեջանի տարածքում:

Ըստ երևույթին, անկլավների ստեղծումը ունեցել է քաղաքական նպատակ: Եթե նպատակն էր թուրքաբնակ տարածքները հանձնել Ադրբեջանին, իսկ հայաբնակ շրջանները՝ Հայաստանին, ապա խորհրդային տարիներին Հայաստանում առկա էին բազմաթիվ այլ թրքաբնակ գյուղեր, որոնք անկլավներ չէին: Նույն որոշման համաձայն՝ հայաբնակ Արցախը պետք է լիներ Հայաստանի անկլավ Ադրբեջանում: Հետևապես, անկլավների ստեղծման պատճառը այդ տարածքում ապրողների ազգությունը չէր, այլ մեկ ուրիշ անհայտ շարժառիթ:

Արծվաշեն անկլավը Ադրբեջանի մի խուլ անկյունում է, որը ռազմավարական որևէ նշանակություն չունի, իսկ ադրբեջանական անկլավները Հայաստանում հիմնականում հայկական մայրուղիների վրա են և վերահսկվում են Ադրբեջանի կողմից, որը Ադրբեջանին ռազմավարական մեծ առավելություն է տալիս:

Խորհրդային Հայաստանը ըստ 1926 թ. Խորհրդային մեծ հանրագիտարանի: Այստեղ Հայաստանի տարածքում կանաչով նշված են այն տարածքները, որոնք Ադրբեջանին տրվեցին հաջորդ տասը տարիների ընթացքում: Իսկ քարտեզում որևէ անկլավ գոյություն չունի՝ ո՛չ հայկական և ո՛չ էլ ադրբեջանական:

ՔԱՐՏԵԶՆԵՐԸ՝ ՀԱՎԱՍՏԻ ՈՒ ՊԵՐՃԱԽՈՍ ՄԱՐՏԻԿՆԵՐՔարտեզի վրա նշված են «Հայաստանի սահմանները 1926 թ. ապրիլի 1-ին»: Եթե ԽՍՀՄ-ում քարտեզը տպագրվում էր, ապա անպայման պետք է ունենար մի քանի նախարարությունների պաշտոնական վավերացումը, որոնցից էր առաջին հերթին անվտանգության նախարարությունը, որի անունը նշված է որպես քարտեզի հեղինակ: Հետևաբար, այս քարտեզը ցույց է տալիս 1926 թ. Հայաստանի սահմանների իրական վիճակը:

Երբ 2021 թ. հոկտեմբերին նախագահ Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանն անպայման պետք է մասնակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև կատարվելիք նոր սահմանագծմանը, պատճառաբանեց, որ միայն իրենց բանակի գլխավոր շտաբը Մոսկվայում ունի սահմանների ճշգրիտ քարտեզները: 1929-ից հետո կազմված խորհրդային գլխավոր շտաբի քարտեզներն ունեն բոլոր կողմերը, սակայն ավելի հին քարտեզները, օրինակ՝ 1921-1923 թթ. մանրակրկիտ քարտեզները, միայն Մոսկվան ունի: Ըստ իս՝ նախագահ Պուտինի նշած քարտեզները հենց դրանք են, որոնք և պետք է լինեն նաև վերը բերված քարտեզի հիմնական սկզբնաղբյուրը:

Պետք է նշել նաև այն, որ քարտեզի վրա Հայաստանն ու Արցախը սահմանակից են, և նրանց բաժանում է միայն Հագարի կամ Աղավնո գետը:

Այս քարտեզները փաստագրական հսկայական տեղեկություն են պարունակում, և դրանք յուրահատուկ մարտիկներ են հայապահպանության գործում, բայցևայնպես, ինչպես միշտ մարդկության պատմության մեջ, հարկավոր է լինում սեփական ճշմարտացիությունը դիվանագիտական աշխատանքներից բացի, նաև զենքով պաշտպանել»:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ և

ՌՈՒԲԵՆ ԳԱԼՉՅԱՆԻ անձնական արխիվից