Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՄԵՌՆԵԼԸ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆՆ Է...»
«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՄԵՌՆԵԼԸ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆՆ Է…»

Կառլեն ու Հայկ Հակոբյանները եղբայրներ են: Կառլենը մասնակցել է 44-օրյա պատերազմին՝ ծառայակից ընկերների հետ անառիկ պահելով իր դիրքը: Հայկը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին՝ թշնամու գրոհը քաջաբար հետ մղելիս:

 

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՄԵՌՆԵԼԸ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆՆ Է...»ԵՍ ՈՒ ԵՂԲԱՅՐՍ

 

Իմ մանկության մասին ինչ էլ պատմեմ, պիտի ասեմ՝ ես ու եղբայրս, որովհետև չեմ կարող որևէ հետաքրքիր դեպք, որևէ դրվագ հիշել, որտեղ Հայկը իրադարձությունների էպիկենտրոնում չլինի: Ես նրանից մեծ էի երկու տարով, բայց այդ տարբերությունը աննկատ էր, քանի որ Հայկը ինձնից աշխույժ էր, հնարամիտ, ուժեղ: Մենք խառնվածքով հակապատկերներ էինք: Ես լսող էի, խաղաղ, ինքնամփոփ, Հայկը անհնազանդ էր, չարաճճի, շփվող: Ես կարդում էի, նա ֆուտբոլ էր խաղում: Ես իմ աշխարհն ունեի, նա անընդհատ որոնումների մեջ էր. նկարում էր պատերին, ցեխից տներ էր պատրաստում: Ի տարբերություն ինձ, Հայկը սիրում էր ուշադրության կենտրոնում լինել: Նա առջևից գնացող էր, իր վրա պատասխանատվություն վերցնող, որոշումներ կայացնող, հարվածի ճանապարհը փակող, կողքիններին պաշտպանող…

Ես դարձա լեզվաբան, նա ֆուտբոլիստ:Պատահական չէր, որ ընտրեց ֆուտբոլը: Էջմիածնի թիմը, որտեղ խաղում էր, մի անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն: Հայկը զիլ էր, շռնդալից, կյանքը հորդում էր նրա ներսում: Բարի էր, անշահախնդիր: Այնպիսի հաճույքով էր օգնում մարդկանց ու… երբեք օգնություն չէր խնդրում, որքան էլ դժվար իրավիճակում հայտնվեր: Հայկը գեղեցիկ կերպար էր…

 

ՄԵՆՔ ՊԱՀԵՑԻՆՔ ԴԻՐՔԸ

 

Ես ու Հայկը համակարծիք էիք բանակի հարցում: Մենք համոզված էինք, որ տղամարդու առաջին մկրտությունը սահմանին է: Մեր պատկերացումներում բանակը կոկիկ էր, ձիգ, ուժեղ, անկոտրում: …Ես «Եղնիկներում» էի ծառայում, ու հազվադեպ էր վիճակվում խոսել տնեցիների հետ: Մինչև պատերազմը 8-9 ամսվա ընթացքում մի քանի անգամ էի զանգել: Ամեն անգամ Հայկն ասում էր՝ զգոն եղիր սահմանին:

…Հետո սկսվեց պատերազմը: Պատերազմի երկրորդ օրը մեր դիրքերի վրա ուժեղ գրոհ եղավ: 50 հոգով կռվում էինք 300 հոգու դեմ: Ադրբեջանցիները կարողացել էին աննկատ մոտենալ: Մեկ էլ լցվեցին խրամատ: Մենք՝ զինվոր տղերքով, մեր սպաների հետ մերձամարտի մեջ մտանք «Յաշմայի» հատուկջոկատայինների հետ: Այն, ինչ մենք արեցինք, փառահեղ էր: Տրամաբանությունը պահանջում է, որ ես ասեմ՝ մենք ջախջախիչ հաղթանակ տարանք ադրբեջանցիների դեմ, բայց ես ասում եմ՝ մենք հաղթեցինք ինքներս մեզ: Մենք ասես վերածնվեցինք ռազմի դաշտում՝ վերածվելով ինչ-որ անհաղթ ու հզոր երևույթի… Մեր հրամանատարները՝ մեզ տարեկից տղաներ՝ ավագ լեյտենանտներ Տիգրան Միկոյանն ու Արտյոմ Եղոյանը, այնպիսի հմուտ մարտավարությամբ կազմակերպեցին ինքնապաշտպանությունը, որ մենք ընդամենը երեք զոհ ունեցանք՝ երկու սպա, մեկ պայմանագրային: Ոչ մի զինվոր չզոհվեց, որովհետև սպաները մղվեցին առաջ, ամենածանր հարվածներն ընդունեցին իրենց վրա՝ փրկելով զինվորների կյանքը: 300 ադրբեջանցիներից չգիտեմ, թե քանիսը զոհվեցին, բայց միայն մեր խրամատում 30 դիակ էին թողել… Ես ցնցակաթված ստացա մարտերից մեկում: Գիտակցությունս կորցրի, որոշ ժամանակ ոչինչ չէի հիշում, չէի լսում: Բայց հենց դիրքերում էլ բուժվեցի, որքան էլ համոզեցին՝ չգնացի հոսպիտալ:

…Մենք անառիկ պահեցինք մեր դիրքը: Սա իմ կյանքի ամենամեծ հպարտությունն է:

 

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՄԵՌՆԵԼԸ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆՆ Է...»ՀԱՅԿԻ ՍԽՐԱՆՔԸ

 

Ես դեռ չէի զորացրվել, երբ Հայկը զորակոչվեց: Մենք մոտ 6 ամիս ծառայում էինք տարբեր զորամասերում:

Երբ սեպտեմբերի 13-ին թշնամին հարձակվեց, Հայկենց 7 հոգանոց խումբը ինժեներական աշխատանք էր կատարում սահմանին: Մեր 7 հոգանոց ջոկի վրա 44-օրյա պատերազմի դասերը սերտած ադրբեջանցիները եկել էին 400-ից 500 հոգով: Վերջին հեռախոսազրույցի ժամանակ Հայկը ասաց՝ չվախենա՛ս, մի կերպ դուրս կպրծնեմ, դե, գիտես ախպորդ:

Շրջափակման մեջ ընկած տղաները ինքնապաշտպանություն էին կազմակերպել, կրակել էին մինչև վերջ: Հայկը սկզբում ավտոմատով էր կրակել, հետո ՊԿ-ով… Հետո որոշել էին ճեղքել շրջափակումը: Հայկը իր վրա էր վերցրել տղաների թիկունքը պահելու պարտավորությունը: Նա պիտի դիմահար կրակեր ադրբեջանցիներին, որպեսզի տղաները կարողանային հեռանալ: 7 հոգուց միայն 3-ը փրկվեցին: …Հայկը այդպես էլ չմիացավ շրջափակումը ճեղքած տղաներին. ադրբեջանցի դիպուկահարը մահացու էր խոցել:

Հայրենիքի համար մեռնելը ամենամեծ առաքինությունն է՝ այս խոսքերը ես մի օր կասեմ որդուս: Ու դա կլինի ամենակարևորը, որ զավակս կժառանգի ինձնից:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ