Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ Է «ԶԱՌ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ



Նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ ԱՄՆ աջակցությամբ բարեկարգված «Զառ» ուսումնական կենտրոնի բացման արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Մասնակցում էին նաև ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկան, պաշտոնատար այլ անձինք:

«Զառ» ուսումնական կենտրոնը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումն է, որտեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքները, զորավարժությունները, անձնակազմի պատրաստության և խաղաղապահ առաքելությունների նախապատրաստական պլանների համապատասխան պարապմունքները, կազմակերպվում են զինծառայողների վերապատրաստման դասընթացները: Կենտրոնի գործունեության նպատակը խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողների, ՀՀ ԶՈՒ համազորային ստորաբաժանումների և գործընկեր պետությունների զինված ուժերի ներկայացուցիչների մարտական պատրաստության մակարդակը բարձրացնելն է, ինչն էլ իր հերթին թույլ կտա հեռանկարում ամրապնդել գործակցությունը միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոնների հետ, անդամակցել միջազգային խաղաղապահ կրթական հաստատություններին, նախապատրաստել միջազգային չափանիշներին համապատասխան հրահանգիչներ, պլանավորել և իրականացնել առավել լայնածավալ զորավարժություններ:

«Զառ» ուսումնական կենտրոնի վերակառուցման աշխատանքներն իրականացվել են մի քանի փուլով: Այսուհետեւ հայ խաղաղապահները հնարավորություն կունենան իրենց վարժանքները և առաքելությունների նախապատրաստությունն իրականացնել առավել բարելավված և ժամանակակից չափանիշներին համապատասխանող պայմաններում:

Միջոցառման մասնակիցները շրջեցին վերակառուցված ուսումնական մասնաշենքերով, ծանոթացան կատարված աշխատանքներին, նյութատեխնիկական բազային, զինծառայողների ուսումնական գործընթացի կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների անցկացման համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև հետևեցին նոր մարտավարական արգելագոտու հաղթահարման ցուցադրական պարապմունքին:

Լուսանկարները՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ և ՏԻԳՐԱՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ

Խորագիր՝ Նորություններ


18/11/2022