Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՎՍ ՄԵԿ ԱՐԵՎ…



ԵՎՍ ՄԵԿ ԱՐԵՎ...Ամեն հերոս իր տան արևն է և Հայրենիքի ջերմատուն: Նրանք իրենց պայծառ լույսն են նվիրում ամենքիս…

 

Նման մի արև էլ Սամվել Գևորգի Խաչատրյանն է՝ Խուրշուդյան Մարիաննայի և Խաչատրյան Գևորգի  մեծ սիրո առաջին պտուղը, որն իր ծնունդով անասելի ջերմությամբ լցրեց Խաչատրյանների օջախը: Սամվելի հայրը գործարար է, մայրը՝ բժշկուհի: Սակայն Մարիաննան որոշեց չաշխատել իր մասնագիտությամբ եւ իրեն ամբողջովին նվիրեց նախ՝ որդու, ապա և դստեր՝ Կարինեի խնամքին ու դաստիարակությանը: Անչափ համերաշխ ընտանիքում, սիրո, ջերմության, մտերմիկ մթնոլորտում էր մեծանում Սամվելը, և ինքն էլ ամեն-ամեն ինչով առանձնահատուկ էր: Նույնիսկ մայրն էր զարմանում. «Մարդ ո՞նց կարող է էսքան լավը լինել»:

Սամվելը նվիրված ընկեր էր, հիանալի եղբայր, ծնողին պաշտող որդի: Անչափ սիրված էր բոլորի կողմից: Ծնողները միշտ վստահել են Սամվելին և երբեք հուսախաբ չեն եղել: Նա ինքնուրույն էր լուծում իր բոլոր խնդիրները: Քսանմեկ տարեկանում արդեն կայացած տղամարդ էր: Սամվելը շատ էր սիրում կյանքը, գեղեցիկը: Սիրում էր ճամփորդել, համեղ ուտեստներ էր պատրաստում: Ով հինգ րոպե շփվում էր նրա հետ, մտերմանում էր, սիրում նրան: Աննկարագրելի պարզ, անկեղծ ու բարի էր, խելացի, տղամարդուն վայել լրջությամբ:

…Սամվելն ընդունվել և ավարտել է ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտի բասկետբոլի բաժինը: Ուներ հրավերք ու հնարավորություն արտասահման մեկնելու, բայց չգնաց:

-Ինչո՞ւ գնամ, բա ծառայությունս, բա իմ պարտքը Հայրենիքիս հանդեպ: Երկու տարին ի՞նչ է: Կգնամ բանակ, կգամ:

Ամեն ծրագիր, երազանք թողնում էր հետոյին.

-Գնամ բանակ, գամ, հետո…

2020 թ. օգոստոսի 13-ին Սամվելը զորակոչվեց բանակ: Շատ քիչ էր զանգում տուն և խոսում էր կարճ. «Մենք շատ լավ ենք, ապահով ենք»:

ԵՎՍ ՄԵԿ ԱՐԵՎ...Ծառայության երկու ամիսը չէր անցել, երբ սկսվեց ադրբեջանա-թուրքական զավթիչների սանձազերծած ամենադաժան պատերազմը: Թշնամին կիրառելով նորագույն զինտեխնիկա, արգելված զինատեսակներ՝ սպիտակ ֆոսֆոր, կասետային ռումբեր, բազմաքանակ զորքով, մի քանի երկրների ահաբեկչական խմբավորումների հետ համատեղ լայնածավալ պատերազմ սկսեց մեր դարավոր Հայրենիքի անկոտրում մի հատվածի՝ Արցախի դեմ: Օդից, ցամաքից անասելի հրետակոծության էին ենթարկվում մեր սահմաններն ու դիրքերը, խաղաղ բնակավայրերն ու ճանապարհները: Ահեղ մարտեր էին ընթանում Արցախի սահմանի ամբողջ երկայնքով: Մեր 18-20 տարեկան զինվորները թվով բազմակի անգամ ավելի թշնամու, նրա գերհագեցած զինտեխնիկայի, ԱԹՍ-ների, կամիկաձեների դեմ էին կռվում: Եվ, ի պատիվ իրենց, ի պատիվ հայ ազգի, ի տես ամբողջ աշխարհի՝ կռվում էին գերբնական ուժով, առյուծաբար: Կռվում ու դիմակայում էին թշնամուն՝ նրան հսկայական կորուստներ հասցնելով: Կռվում ու հերոսանում էին Հայրենիքի պաշտպանները, իսկ աշխարհն անտարբեր դիտողի դերում էր: Զինվորները պայքարում էին. թիկունքում ամեն ինչ արվում էր հայ զինվորին օգտակար լինելու համար, իսկ մեր լույս տղաները միայն մտածում էին իրենց տները, ծնողներին, Հայրենիքը ամենաթանկ գնով՝ կյանքի գնով պաշտպանելու մասին…

Հոկտեմբերի 3-ին Սամվելը մեկնում է Ջրական և հենց նույն օրն էլ նրանց հրետանավորների գունդը մասնակցում է մարտական գործողություններին: Սամվելը ծնողներին չասաց, որ թշնամու դեմ մարտնչող տղաների հետ է: Նրանք կռվում էին քաջաբար և թշնամուն պատճառում էին զինտեխնիկայի և մարդկային ուժի մեծ կորուստներ: Անհավասար, ահեղ մարտերի մեջ Սամվելին ու զինակիցներին հաջողվում է հոկտեմբերի 9-ին շրջափակման մեջ հայտնված մեր զինվորներին օգնության հասնել և փրկել շատերի կյանքը: Շրջափակումից դուրս եկած զինվորներից մեկը՝ Գագիկը, առաջինը հանդիպեց Սամվելին:

-Ո՞նց ես, ախպե՛րս,- հարցրեց Սամվելը:

-Երեք օր է՝ ո՛չ հաց ենք կերել, ո՛չ ջուր խմել:

-Սպասե՛ք, հիմա կգամ:

Կարճ ժամանակ անց Սամվելը վերադարձավ մեծ տոպրակով. հաց էր բերել, պահածո, ջուր:

-Կերե՛ք, տղե՛րք ջան, հանգստացե՛ք:

-Դո՛ւ էլ նստիր մեզ հետ:

Սամվելը երկու րոպե նստեց, հետո գրպանից հանեց էլեկտրական սիգարներ, մեկնեց տղաներին.

-Կծխեք:

-Ինչո՞ւ ծնողներիդ չես ասում, թե որտեղ ես. նրանք իրավունք ունեն քո տեղն իմանալու,- հարցրեց ընկերներից մեկը:

-Չէ՛, կանհանգստանան, թող մտածեն, որ ապահով տեղում եմ,- ասաց ու գնաց:

Մեկ օր անց՝ հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, Սամվելը զոհվեց ԱԹՍ-ի հարվածից…

-Ես վստահ եմ, որ պատերազմի դաշտում՝ այդ հրե տարափների ու պայթյունների տակ, որդուս նպատակն իր ծնողներին, տունն ու Հայրենիքը պաշտպանելն էր՝ թեկուզ կյանքի գնով,- ասում է Սամվելի մայրը:

Սամվելն այն բացառիկ մարդկանցից էր, որոնց շուրջն են հավաքվում բոլորը: Անչափ ջերմ էր, իսկ խոսելիս շատ էր օգտագործում «ջիգյար» բառը՝ «Ջիգյա՛ր ջան, ո՞նց ես…»: Նրա հերոսացումից հետո մտերիմ ընկերներն իրենց ձեռքերին դաջել են այդ բառը: Հիմա էլ է Սամվելը բոլորին համախմբում իր անտես գոյությամբ: Որքան էլ ցավ ու դառնություն կա բոլորի մեջ կուտակված, միևնույն է, նրա մասին խոսելիս ժպտում են…

Սամվել Գևորգի Խաչատրյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մոտ՝ Սամվելենց բակում, Խաչատրյանների ընտանիքի ու Սամվելի ընկերների ջանքերով կառուցվել է հուշակոթող և գեղեցիկ պուրակ՝ նվիրված Սամվելին և Արցախյան քառասունչորսօրյա պատերազմում զոհված բոլոր հերոսներին: Հավատ ու ուժ խորհրդանշող հուշակոթողին հայ զինվորն է՝ խաչի առջև ծնկի իջած:

…Սամվելի և նրա զինակից ընկերների օգնությամբ շրջափակումից ազատված Գագիկը մեկ ամսով արձակուրդ եկավ և այցելեց Խաչատրյաններին: Խոսեցին, հիշեցին: Գագիկը կարճ ժամանակ է շփվել Սամվելի հետ, բայց նրանց մեջ սեր, ջերմություն և հարազատություն է եղել: Հրաժեշտից առաջ Գագիկը գրպանից հանեց էլեկտրական սիգարը.

-Թանկ հուշ է… Ձեզ եմ վերադարձնում…

 

ՀՐԱՆՈՒՇ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Խորագիր՝ #35 (1457) 09.11.2022 - 15.11.2022, Ճակատագրեր


11/11/2022