Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՊԱՎՈՐ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԸ



ԿԱՊԱՎՈՐ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԸՕրերս ուսումնական զորամասերից մեկում ներկա էինք կարգացուցակով նախատեսված հերթական դասաժամին: Կուրսանտները սովորում էին զենքով վարժաձևերը ճիշտ և հստակ կատարելու կարգը, քայլերի հաջորդականությունը։ Առայժմ շարքային, իսկ մի քանի ամսից որպես սերժանտներ նրանք զորքերում ստանձնելու են կրտսեր հրամանատարի պարտականությունները:

-Ինձ համար մեծ պատիվ է մեր բանակի զինվորի համազգեստ կրելը, հայոց բանակում ծառայելը։ Եվ պատվով ծառայելու գիտակցումն է մեզ պարտավորեցնում, որ լավ սովորենք ու մեր մասնագիտության մեջ լինենք լավագույնը: Ծառայության նկատմամբ տրամադրվածությունը շատ դրական է, վերջին դեպքերից հետո հատկապես ավելի զգոն ենք, ուշադիր ենք դասերի և ծառայողական առօրյային առնչվող ամեն ինչի նկատմամբ։ Այս երեք ամիսների ընթացքում հասցրել ենք ուսումնասիրել շատ ռադիոկայաններ, ու շատ հետաքրքիր է, թե ինչպես է, օրինակ, գործում ռադիոկապը կարճալիք, գերկարճալիք տիրույթներում և այդպես շարունակ,- մեզ հետ զրույցում ասաց շարքային Գոռ Սուքիասյանը:

-Քանի որ դառնալու եմ կրտսեր հրամանատար, ուստի այդ պատասխանատվությունը գիտակցելով լավ եմ սովորում, որպեսզի հետագայում իմ գիտելիքներով կարողանամ օգտակար լինել մեր բանակին: Ես իմ առջև նպատակ եմ դրել ծառայության ընթացքում լինել առաջատարներից մեկը այս ոլորտում,- վստահեցրեց շարքային Արման Մխիթարյանը:

Մասնագիտական պատրաստության վեցամսյա դասընթացն ավարտելուց հետո տղաները կմեկնեն իրենց հիմնական զորամասեր՝ որպես կապավորներ։ Մինչև այդ, նրանք դեռ պետք է սովորեն ճիշտ օգտվել կապի տարբեր միջոցներից, ռադիոկայաններից, սերտեն յուրաքանչյուրի մարտավարատեխնիկական ու կիրառման առանձնահատկությունները։ Լավ մասնագետ դառնալու նպատակն ուղեկցվում է կուրսանտների օրինակելի ծառայությամբ։ Ուսումնական առօրյան հագեցած է, և այդ առօրյայի յուրաքանչյուր բաղադրիչին զինվորները վերաբերվում են մեծ պատասխանատվությամբ՝ բանակի մարտունակության ամրապնդման գործում իրենց համեստ ներդրումն ունենալու պատրաստակամությամբ։

-Դառնալու եմ հեռախոսային ջոկի հրամանատար, հիմնականում գծալարային կապ եմ ապահովելու մեր դիրքերում։ Հենց առաջին օրվանից սիրել եմ կապավորի մասնագիտությունը, քանի որ կապի միջոցով են զորքերի մարտավարական տարբեր օղակները փոխգործակցում միմյանց հետ, առաջադրում խնդիրներ,- ընկերոջ խոսքն է շարունակում շարքային Էդուարդ Դավթյանը:

Հատկապես սահմանային վերջին դեպքերից հետո բոլորն առավել մեծ ուշադրությամբ են ձգտում հասնել մասնագիտական պատրաստության բարձր նշաձողի՝ քաջ գիտակցելով կայուն և հուսալի կապի ու հմուտ կապավորի խիստ կարևորությունը բանակում, վարժադաշտում ու ռազմաճակատում:

Ծառայության մեջ պետք է լինել առաջամարտիկ։ Կուրսանտները վստահեցնում են՝ հայրենիքը պաշտպանելու և զինված ուժերին օգտակար լինելու տրամադրվածությամբ սովորում են այնպես, որ տեսական գիտելիքները կարողանան անսխալ ու ճիշտ կիրառել գործնականում՝ մարտական ցանկացած առաջադրանք կատարելիս։

-Բոլորս էլ գիտակցում ենք պատասխանատվության մեր չափը։ Ճիշտ է՝ երկու տարի ենք ծառայելու, բայց մեր ծառայությունը Հայրենիքին դրանով չի ավարտվելու, և եթե պետք լինի, վստահ եմ՝ թե՛ ես եւ թե՛ իմ ընկերները կգանք ու կկանգնենք մեր զինակից ընկերների կողքին ու կպաշտպանենք մեր Հայրենիքը։ Եվ հենց այդ տրամադրվածությամբ ենք ծառայում, մեր մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կատարելագործում,- խոսքն է ամփոփում Էդուարդ Դավթյանը։

Կապավոր կուրսանտները ուսումնական կիսամյակը կամփոփեն ավարտական քննություններով, որից հետո կհամալրեն կրտսեր հրամանատարների նոր հերթափոխը։ Իսկ առջևում գործնական պարապմունքներն են դաշտային պայմաններում։

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #34 (1456) 02.11.2022 - 08.11.2022, Ազգային բանակ


04/11/2022