Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԺՊՏՈՒՆ ԱՍՊԵՏԸ
ԺՊՏՈՒՆ ԱՍՊԵՏԸ

ԺՊՏՈՒՆ ԱՍՊԵՏԸ…Գառնիկը Հովհաննիսյանների ավագ որդին է: Պատրաստակամ էր, նվիրված, անչափ անկեղծ, շուտ հուզվող: Բայց խռովքն ու հուզմունքն իր մեջ էր պահում: Հետո գնում էր բնության մեջ, մտովի զրուցում ծառերի, թռչունների, ամպերի, երկնքի հետ և խաղաղված վերադառնում:

Եռանդուն էր ու հետաքրքրասեր, բազմակողմանիորեն օժտված: Դպրոցական տարիներին հաճախել է Տ. Պետրոսյանի անվան շախմատի դպրոց, ստացել է երկրորդ կարգի որակավորում: Հաճախել է ՀՀ ԵԿՄ «Պատանի երկրապահ» խմբակ,  «ԹՈՒՄՈ» կենտրոն: 2016-2017 թթ. սովորել է տնտեսագիտական վարժարանում, այնուհետև՝ ՀԱՊՀ Գյումրու ավագ դպրոցում: Այդ ընթացքում հաճախել է «SIRIUS PLUS» ՀՀ համակարգչային կենտրոն և ԴՕՍԱԱՖ վարորդական ուսումնական կենտրոն: 2019 թ. ընդունվել է ՀԱՊՀ միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ֆիզիկա բաժինը:

Մինչև բանակ գնալը ասում էր. «Մա՛մ, կտեսնես, ես հենց բանակ գնամ, պատերազմ է սկսվելու…»: Բանակ է զորակոչվել հունվարի 7-ին: Ծառայել է ԱՀ Մարտունու շրջանում:

Հեռախոսների մարտկոցով նրա հավաքած սարքն արևային ջերմությամբ էլեկտրական հոսանք էր արտադրում, անխափան աշխատում էր, ու դիրքն ապահովված էր անհրաժեշտ էլեկտրականությամբ:

Մարտակերտի զորամասից դասընկերը՝ Արտյոմը, միշտ զանգում էր Գառնիկին: «Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, դու լա՞վ ես»: «Հա՛, որ ձեզ մոտ ամեն ինչ նորմալ է, մեզ մոտ ընդհանրապես նորմալ է»: «Քեզ լավ կպահես, զգո՛ւյշ եղիր»: Ծիծաղով պատասխանում էր: «Ինձ ի՞նչ պիտի պատահի, Աստված դեմն է՝ ամեն ինչ կտեսնի»:

Պատերազմի հենց առաջին օրը Գառնիկի հայրը՝ Կարենը, կամավորագրվեց և մեկնեց Արցախ՝ որքան էլ որդին չէր ուզում. «Մա՛, պապային մի՛ թող, որ գա, սա իր տեղը չէ, սա մեր կռիվն է»։ Եվ որքան էլ Նարինեն խնդրում էր ամուսնուն. «Մի՛ գնա, մեկ է, քեզ Գառնիկի մոտ չեն տանի: Մի դարդս երկու մի՛ արա: Ես ո՞ր մեկիդ մասին մտածեմ»: «Ո՛ր զինվորի կողքին էլ լինեմ, իմ տղան է: Նրան կպաշտպանեմ: Թող Աստված էլ իմ տղային պաշտպանի»,- ասում էր նա:

Կարենը գնաց: Մի կերպ հասավ ու գտավ որդուն: Մինչև հոկտեմբերի 7-ը նա կռվում էր Վարանդայի ջոկատի հետ: 8-ի գիշերը՝ Գառնիկի ծննդյան օրը, հայր ու որդի հանդիպեցին: Կարենը մեծ դժվարությամբ որդուն գտավ Ջրականի ճանապարհին: Այդ օրը Գառնիկի 19-ամյակն էր լրանում: Նրանք միասին հասնում են Ջրական: Գառնիկն ուզում էր հետ գնալ՝ մեքենայից զենքն ու իր պատրաստած խաչը վերցնել: Հայրը բռնում է տղայի ձեռքից ու մի կողմ քաշում: Այդ պահին մեքենան պայթում է հրետակոծությունից…

Գառնիկն այդ օրը զանգեց տուն: «Մա՛ ջան, ծննդյանս օրով Աստված կյանքս փրկեց: Համ էլ պապային եմ հանդիպել: Էլ ինձ ոչինչ չի պատահի: Միայն պատրաստածս խաչն էր ափսոս, անարդար է. այն չպետք է հրետակոծված մեքենայում մնար»:

ԺՊՏՈՒՆ ԱՍՊԵՏԸՆույն գիշերը՝ մինչև առավոտ, սոսկալի հրետակոծություն էր. երկինքն ու երկիրը, ասես կրակով ու պայթյունների որոտներով ձուլված, «դողդողում էին» սարսափից: Մինչև առավոտ թեժ մարտին մասնակցած տղաները հրաշքով ողջ մնացին: Առավոտյան «նահանջ» հրաման տրվեց: Մեր զինվորները հայտնվել էին շրջափակման մեջ: Խիզախորեն կռվելով՝ նրանք կարողացան շրջափակումից դուրս գալ և կրկին վերադառնալ զորամաս: Արագ քայլելու համար շատերն իրենց «բուշլատներն» էին հանում, իսկ Գառնիկը փամփուշտ ու զենք էր հավաքում:

Դեպքից մեկ օր առաջ զանգեց տուն: Զրույցի ընթացքում մայրը կրակոցի ձայներ լսեց և հուզվեց: «Մա՛ ջան, չլացե՛ս, գիտես՝ չեմ սիրում, որ լացում ես: Ինձ խոսք տուր, էսօր, վաղը, ինչ էլ լինի, ինչ էլ իմանաս, լաց չես լինի, թե չէ՝ կխռովեմ քեզանից ու չեմ գա»:

Նարինեն խոստացավ…

Գառնիկն իր ցանկությամբ էր մնում դիրքերում, առանց հանգստի կռվում էր թշնամու դեմ, իսկ գիշերները միշտ արթուն էր մնում: Հայր ու որդի Հովհաննիսյաններն իրենց պարտքը համարեցին Հայրենիքը պաշտպանել նենգ ու դաժան թշնամուց: Իսկ կռիվն անհավասար էր, արյունալի: Նոյեմբերի 1-ի առավոտյան Գառնիկը հաց էր պատրաստել տղաների համար: Երկնքում թշնամու ԱԹՍ-ներ էին: Զգուշացել ու դուրս չէին եկել խրամատից: Գառնիկը չկարողացավ հաց ուտել, երբ գիտեր, որ ընկերները քաղցած են: Նա վերցրեց ուտելիքը և դուրս եկավ, բայց չհասավ նրանց…

Գառնիկ Հովհաննիսյանը պատերազմի ընթացքում հասցրել է փրկել շատերի կյանքը, վնասազերծել թշնամու մի քանի տանկ, խիզախ մարտնչել և իր կյանքը նվիրել Հայրենիքին, հարազատ ընկերներին, մեզ…

Նա հետմահու պարգևատրվել է ՀԱՊՀ ուսանողական խորհրդի «Երախտագիտություն» մեդալով, ԱՀ նախագահի «Մարտական ծառայություն» մեդալով: Գյումրու Վ. Տերյանի անվան թիվ 15 և Պոլիտեխնիկի ավագ դպրոցներում դասասենյակներ են բացվել Գառնիկ Հովհաննիսյանի անվամբ: Բազմաթիվ հյուրերի հետ բացման արարողությանը ներկա էին ջոկատի բոլոր տղաները՝ հրամանատար Գագիկ Պետրոսյանի գլխավորությամբ: Նրանք բոլորը ՀԵՐՈՍՆԵՐ են:

…Երբ արտասուքն է լճանում Գառնիկի մոր՝  Նարինեի աչքերում, նա հիշում է իր խոստումը և զսպում իրեն, որ Գառնիկը չխռովի…

 

ՀՐԱՆՈՒՇ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Գյումրի