Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՅՍ ՏՂԱՆԵՐԸ ՀԵՐՈՍՆԵՐ ԵՆ...
ԱՅՍ ՏՂԱՆԵՐԸ ՀԵՐՈՍՆԵՐ ԵՆ…

ԱՅՍ ՏՂԱՆԵՐԸ ՀԵՐՈՍՆԵՐ ԵՆ...Այս պատմությունը պիտի լիներ կյանքը Հայրենիքին նվիրաբերած զինվորի՝ Արտյոմ Մկրտչյանի մասին: Ես պիտի պատմեի նրա կենսագրությունը, պիտի նրա կյանքի նշանավոր ու աննշան դրվագները դնեի կողք կողքի ու տողատակում հուշեի, որ Հայրենիքը կարող է հերոս դարձնել ամենասովորական տղային: Ես պիտի ասեի, որ ամեն հայ տղայի մեջ Հայրենիքին զոհաբերվելու պատրաստ զինվոր է ապրում: Բայց հիմա, երբ ավարտել եմ զրույցը զինվորի մոր՝ Լուսինե Մկրտչյանի հետ, իմ հոգում՝ ուրիշ հույզեր, իմ գլխում ուրիշ մտքեր են պտտվում: Ես կարկամել եմ մարդկային հոգու անխորտակելի ուժի առաջ: Ես նայում եմ ցավի անհատակ անդունդին ու ապշում եմ ոչ թե նրա խորությունից, այլ անդունդի եզրին ապրող բարության, սիրո լույսի ու երազների ներկայությունից:

-Ահա իմ երկու տղաները,- Լուսինեն լուսանկարը մեկնում է ինձ,- Հայրենիքը երկուսին էլ տարավ: Այդ երկուսին ունեի այս աշխարհում:

Լուսանկարում ավագ եղբայրը գրկել է կրտսերի ուսերը: Կլինեն 15-17 տարեկան: Երկուսն էլ գեղեցիկ են, բարձրահասակ, ուժեղ…

-Կար ժամանակ, որ երկուսն էլ կողքիս էին: Հիմա դժվարանում եմ հավատալ, որ այդքան երջանիկ եմ եղել: Կարծես թե սովորական կյանք էր: Երբ երջանկությունը քեզ հետ է, դու չես նկատում նրա ներկայությունը: Հիմա ամեն վայրկյան անցյալում եմ: Քայլում եմ, խոսում, բայց ուղեղիս մեջ անցյալի պատկերներն են, հուշերը: Ամեն վայրկյան տղաներիս հետ եմ: Այս պահին էլ ձեզ հետ խոսում եմ, բայց գլխիս մեջ պատկերներ են պտտվում, աչքերիս առաջ տղաներս են: Արտյոմս, հազիվ երկու տարեկան, ժամերով նայում էր, թե պապը ոնց է փայտից զանազան իրեր պատրաստում, ու մուրճը ձեռքին գալիս-կանգնում էր, որ ինքն էլ աշխատի: Այնպիսի տրամաբանված պատասխաններ էր տալիս մարդկանց հարցերին, որ ապշում էին:

-Իսկ Սերգեյը…

Ես վախենում եմ որևէ բան հարցնել, վախենում եմ երկարաշունչ մտքերից. ինձ թվում է՝ ձայնիս հպումից անգամ ինչ-որ բան կփշրվի, ցավը կսաստկանա:

-Ուզում եմ ամեն ինչ հիշել, որ ոչինչ չկորչի, ոչ մի հուշ, ոչ մի պատմություն: Ուզում եմ տղաներիս ավելի լավ ճանաչել: Ի տարբերություն Սերգեյի, Արտյոմն ավելի հանդուրժող էր: Հարևանները պատմում են, թե որքան հաճախ է օգնել իրենց:

Եթե տարիներ առաջ ինձ հարցնեին տղաներիս մասին, ես կասեի՝ սովորական տղաներ են: Բայց հիմա, երբ հետ եմ նայում, ասես անցյալը հայտնվում է խոշորացույցի տակ: Իմ տղաները ազնիվ էին, չէին ստում, չէին շողոքորթում: Հանուն ընկերոջ պատրաստ էին յուրաքանչյուր զոհողության: Արդարամիտ էին ու համարձակ… Արտյոմս շատ լավ էր սովորում ճշգրիտ առարկաները: Լուսանկարը բուհի պատին էր՝ որպես առաջադեմ ուսանող:

ԱՅՍ ՏՂԱՆԵՐԸ ՀԵՐՈՍՆԵՐ ԵՆ...Երկուսն էլ երազում էին ծառայել: Արտյոմս բուհում էր սովորում, բայց չօգտվեց տարկետման իրավունքից ու գնաց բանակ:

-Շատ սիրուն զինվոր է եղել: Բարձրահասակ…

Ես խոսքս կիսատ՝ լռում եմ, որովհետև մայրը խոր շունչ է քաշում, իսկ աչքերում ցավը կարծրանում է տարօրինակ մգությամբ:

-Կորոնավիրուսի ծանր ժամանակահատվածն էր, ու ես իմ տղային այդպես էլ զինվորական համազգեստով չտեսա:

-Մենք ամենաիսկական դժոխքի միջով անցանք,-ասում է Լուսինեն, ու ես հասկանում եմ, որ ընդհուպ մոտեցել ենք պատերազմին:

-Երբ պատերազմն սկսվեց, Արտյոմիս զանգերը միանգամից կտրվեցին: Չզանգեց մինչև հոկտեմբերի 6-ը: Մոտ 10 օր ոչ մի լուր չունեինք: Հետո զանգ եկավ իմ հեռախոսին անծանոթ համարից, ու լսեցի տղայիս ձայնը: …Մարդ իսկապես կարող է մեռնել ուրախությունից: Ուղղակի, սիրտդ կկանգնի: Բայց ես չմեռա: Հետո տղաս պարբերաբար զանգում էր, ասում, որ իրենք ապահով են, մեր որպիսությամբ էր հետաքրքրվում…

Ջրականում, հետո Հադրութում, կատաղի կռիվների մեջ են եղել: Բայց ես հավատում էի, որ խաղաղ ու ապահով են, որովհետև տղաս այնպիսի հանգստությամբ էր հետաքրքրվում մեր կյանքով, անկարևոր, աննշան մանրամասներով… Նրա ձայնի մեջ անհոգություն կար, որը շփոթեցրեց ինձ: Հոկտեմբերի 14-ից հետո զանգերը լռեցին…

Պարզվեց՝ շրջափակման մեջ են ընկել Հադրութում:

…Տղաս ընկերների հետ հերոսին վայել կռվել է մինչև վերջ: Նրա անմիջական հրամանատարը պատմում է, որ իրենք՝ երկուսով, միշտ ամենավերջինն են նահանջել: Իսկ մեր զինվորների մարմինները հանձնելու ժամանակ ադրբեջանցի սպան ասել է մեր սպային՝ այս տղաները հերոսներ են, բոլորը, մեկ առ մեկ հերոսներ են: Թշնամու զինվորներին մեծարելը ինձ պատիվ չի բերում, բայց չեմ կարող չասել, որ նրանք քաջաբար էին կռվում ու մեծ հարգանքի են արժանի…

-Ինչ հպարտություն,- ասում եմ ես: Մի պահ մոռացել եմ ցավն ու մորը մխիթարելու ցանկությունը,- այնպես կռվես, որ թշնամին անգամ հիանա քեզնով:

-Ես չնկատեցի, որ Սերգեյս չի կարողանում համակերպվել իրականության հետ: Ես պիտի հասկանայի, որ նրա թվացյալ ամրությունը ձև է, ներսից քայքայվում-փլուզվում է:

-Եթե ոչ մի տարօրինակ բան չեք նկատել, ո՞նց իմանայիք…

-Տարօրինակն այն էր, որ անընդհատ փաթաթվում էր ինձ ու ամուր գրկում: Սերգեյս բարձրահասակ էր, ամրակազմ, ես կորչում էի նրա գրկում: Մտածում էի՝ մխիթարում է ինձ, բայց հետո հասկացա, որ ինքն էր այդպես սփոփանք ու փրկություն խնդրում ինձնից: Տղաս մարեց եղբոր հուղարկավորությունից երկու ամիս ու կես անց: Իմ առողջ, ամրակազմ տղան …հինգ օր տևեց: Հանկարծ սկսեց ջերմել ու ….հանգավ:

Ես ծալում եմ թղթերս, ճիգով եմ ինձ զսպում, որ բզիկ-բզիկ չանեմ այս պատմությունը, այս թանաքագույն ցավը՝ սպիտակի վրա: Ես մտածում եմ՝ ինչո՞ւ տարածել այս ողբերգությունը, ինչո՞ւ ուրիշներին էլ բաժին հանել այս ցավից: Ո՞ւմ է պետք այս հոդվածը, ի՞նչ է տալու մարդկանց:…Իսկ կինն ասում է.

-Տեսնում եք՝ չմեռանք, ողջ ենք:…Երբեմն զարմանքով նկատում էի, որ դեռ ինձ հետաքրքրող բաներ կան աշխարհում: Քանի՞ զինվոր փրկվեց Հադրութի շրջափակումից: Քանի՞սը ողջ մնացին հոսպիտալում: Մտածում էի՝ մի օր գնամ Ջրական՝ Արտյոմիս ծառայած վայրերը:

Երբ օրերս նորից զինվորներ զոհվեցին սահմանին, սիրտս սեղմվեց, մրմռաց: Ես հասկացա, որ սիրտս ողջ է: …Ինձ համար մեռնելն ավելի հեշտ է, քան ապրելը, բայց, եթե շնչում ես, պիտի կանգուն մնաս: Գիտեք՝ զավակ ունենալու մասին եմ մտածում: Որդի: Նոր կյանք: Որին կտաս ամենը, ինչ ունես, սերդ, ուժերդ, մնացած կյանքդ:

Ես գլխով եմ անում: Ու ժպտում արցունքախառը: Ձեռքով հարթում եմ թղթերը, որ ճմռթել էի ու բոլորովին սպիտակ էջի վրա մեծ-մեծ տառերով գրում եմ՝ ՆՈՐ ԿՅԱՆՔ:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ