Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆԸ» ՀԱՄԱԼՐՎԵՑ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՎ
«ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆԸ» ՀԱՄԱԼՐՎԵՑ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՎ

«ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆԸ» ՀԱՄԱԼՐՎԵՑ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՎ«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը  այն լավագույն օրինակներից է, որ վկայում է՝ ճիշտ նպատակադրման, նվիրական գործի գիտակցման և լավ թիմի առկայության դեպքում հնարավոր է «սարեր շուռ տալ»: Վերականգնողական կենտրոնի ստեղծման գաղափարը ծագել էր  ապրիլյան պատերազմից հետո, ինչը  նախաձեռնող խմբի անդամների յուրատեսակ շնորհակալությունն էր այն տղաներին, որոնք իրենց առողջությունն էին զոհաբերել մեր երկրի սահմանների պաշտպանությանը:  Բարեգործական «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ի նախաձեռնությամբ և ԵՊԲՀ և ՊՆ համագործակցությամբ, որում ներգրավված էին նաև երիտասարդ ու արհեստավարժ բժիշկներ, սկսվեց մի մեծ գործընթաց, որն իր պտուղներն է տվել ու տալիս: Կենտրոնն այսօր իր տեսակի մեջ եզակի մի կառույց է,  որ բացի մեր վիրավոր զինվորներին ոտքի կանգնեցնելուց, ծառայում է նաև նրանց սոցիալականացման, այդ թվում՝ զբաղվածության խնդրի լուծման նպատակին: ԵՊԲՀ-ին պատկանող Առաջին կլինիկական հիվանդանոցում գործող այս կենտրոնը բարերարների աջակցության շնորհիվ է հիմնանորոգվել և հագեցվել անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով ու պայմաններով: Տարբեր կազմակերպություններ ու անհատ բարերարներ իրենց շարունակական ներդրումն են անում այս կարևոր գործում:

«Զինվորի տունն» այսօր հագեցած է աշխարհահռչակ Technobody, WoodWay, AlterG, Aretech և այլ ընկերությունների արտադրության սարքավորումներով և հետազոտական գերժամանակակից տեխնոլոգիաներով:  Անձնակազմը վերապատրաստված մասնագետների միջդիսցիպլինար թիմ է, որում ընդգրկված են բժիշկ ռեաբիլիտոլոգ, ասեղնաբույժ, ֆիզիոթերապիստ, էրգոթերապիստ, հոգեբան, լոգոպեդ և այլ որակավորված մասնագետներ:

Կենտրոնն արձանագրել է լրջագույն հաջողություններ. ոտքի են կանգնել զինվորներ, որոնք տասնյակ տարիներ գամված են եղել անվասայլակին: Վիրավորումից հետո զինվորների մի մասը, որ խոսքի խանգարումներով է եկել կենտրոն, շնորհիվ լոգոպեդի պրոֆեսիոնալ աշխատանքի, կրկին  «սովորել է խոսել»:

«ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆԸ» ՀԱՄԱԼՐՎԵՑ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՎ«Զինվորի տունն» այսօր շուրջ 300 աշխատակից ունի, որոնք աշխատում են մեծ նվիրումով ու բարձր արդյունավետությամբ: Սա վերաբերում է ոչ միայն վիրավոր զինվորների ֆիզիկական, այլ նաև հոգեբանական տարաբնույթ խնդիրների լուծմանն ու նրանց հետագա սոցիալիզացիային: Կենտրոնի մասնագետները նաև վերականգնողական արտագնա ծառայություն են մատուցում զինվորական հոսպիտալում՝ աշխատելով կոմայի մեջ գտնվող զինվորների հետ:

Սեպտեմբերի 23-ին վերականգնողական կենտրոնը համալրվեց նոր վիրահատական բաժանմունքով, որը լիովին պատրաստ է և գտնվում է վերջնական՝ հավաստագրման փուլում: Այն ունի երեք նոր վիրահատական սրահ, հետվիրահատական բաժին և հիվանդասենյակներ, որոնցում ամեն ինչ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող տղաների կարիքներին: Կենտրոնը համալրված է 80 մահճակալով, որոնցից 20-ը նախատեսված են գանգուղեղային և այլ ծանր վնասվածքներ ունեցող զինվորների, իսկ մնացած 60-ը՝ վերականգնողական և հետվիրահատական բուժում ստացող զինվորների համար: Այստեղ նաև օրական շուրջ 150-200 վիրավոր զինվորների ամբուլատոր բուժօգնություն է տրամադրվում:

«Զինվորի տան» գլխավոր բժիշկ Միքայել Սահակյանի հետ շրջայց կատարեցինք նորաստեղծ վիրաբուժական բաժանմունքով, և նա մանրամասն ներկայացրեց  դրա նպատակները, հնարավորություններն  ու հագեցվածության աստիճանը.

-44-օրյա պատերազմից արդեն երկու տարի է անցել, բայց մեր պացիենտները, որոնք հիմնականում այդ պատերազմի մասնակիցներն են, այսօր էլ դեռ կարիք ունեն մեկ, երկու և ավելի վիրահատությունների, որպեսզի ֆունկցիոնալ առումով հնարավորինս լիարժեք վերադառնան կյանք: Վերջին պատերազմական գործողություններում վիրավորումներ ստացած զինծառայողները դեռևս զորացրված չեն և հիմնականում գտնվում են զինվորական հոսպիտալի կամ քաղաքացիական բուժհաստատությունների խնամքի ներքո, ուր նրանց ուղղորդում է պաշտպանության նախարարությունը: Երբ վիրահատական բաժանմունքն արդեն անցած կլինի արտոնագրման փուլը, մենք պատրաստ կլինենք ընդունել նաև նոր վիրավորումներ ստացած զինծառայողների:

«ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆԸ» ՀԱՄԱԼՐՎԵՑ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՎԱյժմ սկսվել են որոշակի աշխատանքներ՝ հասկանալու համար, թե կոնկրետ որ զինհաշմանդամներին, ինչպես, երբ և ինչ հերթականությամբ ենք ներգրավելու այս աշխատանքներում:

Ասեմ, որ այս նոր վիրաբուժական բաժանմունքով այն ամբողջ ցիկլը, որ «Զինվորի տունը» իրականացնում է վերականգնողական բուժման առումով, կարող ենք արդեն փակված համարել: Վիրահատարանների առանձնահատկությունը պայմանավորված է վիրավորումների բնույթով, հետագայում ծագած բարդություններով: Այս ամենով պայմանավորված՝ լինելու են պլաստիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, օրթոպեդիկ վնասվածքաբանության, ուրոլոգիական, ԼՕՌ, դիմածնոտային, պրոկտոլոգիական, ընդհանուր վիրաբուժական վիրահատություններ: Ամենաժամանակակից մեթոդներն են կիրառվելու՝ էնդոսկոպիկ, լաբորոսկոպիկ վիրահատություններ: Վիրահատարաններից մեկն ունի ամենաժամանակակից՝ լամինար հոսք, որ օդի ամենաարդիական մանրէազերծումն ապահովող համակարգն է համարվում աշխարհում: Վիրահատական սեղանի և սարքավորումների շուրջ ստեղծվում է յուրահատուկ «վարագույր», որի ներսում մանրէազերծումը հասնում է մինչև 99%-ի: Մոտավորապես 9 քմ տարածքով ստեղծվում է իդեալական օդ՝ իր խոնավությամբ, որոշակի ջերմաստիճանով և որոշակի արագության հոսքով, որն իր ճանապարհին օդափոխիչ համակարգի միջոցով մանրէներին՝ մինչև տուբերկուլյոզային հարուցիչներ և ախտածին սնկային հարուցիչներ, հեռացնում է:

Մեր բարերարների անմիջական ջանքերի շնորհիվ, չեմ վարանի ասել, մենք ունենք միջազգային ամենաբարձր չափորոշիչներով վիրաբուժական բաժանմունք: Առողջապահության նախարարության կողմից հավաստագիր ստանալուց անմիջապես հետո վիրահատարանը կհանձնվի շահագործման:

Զրուցեցինք նաև բուժվող զինվորներից մի քանիսի հետ, որոնք  44-օրյա պատերազմի մասնակիցներ են: Նարեկ Վարդանյանը՝ որպես տանկի նշանառու-օպերատոր, ուսումնական զորամասում է ծառայել, երբ պայթել է պատերազմը.

«ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆԸ» ՀԱՄԱԼՐՎԵՑ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՎ-Պատերազմի ընթացքում մեր զորամասը 20 զոհ է ունեցել, որոնցից 15-ը մեր հրամանատարներն էին… Խաղաղ ժամանակ, երբ մարտավարական պատրաստություն էինք անցնում, մեր հրամանատարները մեզ խրախուսում էին՝ ինչ լինի՝ միշտ միասին ենք լինելու, կողք կողքի: Մեզ համար նրանք նաև հայր էին, մեծ եղբայր: Մեր վաշտի հրամանատարին՝ մայոր Ղևոնդ Մելիքյանին, շատ եմ շնորհակալ: Առաջին խումբը, որ մարտի դաշտ մեկնեց, հենց մեր վաշտի հրամանատարի ստորաբաժանումն էր: Նա մեզ մանրամասն բացատրում էր, թե պատերազմական իրավիճակում ինչ պետք է անի տանկիստը: Փոխգնդապետ Երոյանն էլ միշտ մեր կողքին է եղել: Նրանք, փառք Աստծո,  ողջ և առողջ են հիմա:

Ես՝ որպես պատերազմով անցած զինվոր, կասեմ, որ չնայած պարտվել ենք, բայց մեր զորքը բարոյապես մեծ հաղթանակ  է տարել. սա մի յուրօրինակ Ավարայրի ճակատամարտ էր: Այժմ պիտի ապրենք մեր զոհված տղաների համար և իրագործենք նրանց երազանքները:

Նարեկը «Զինվորի տուն» է եկել 2020 թ. դեկտեմբերի 3-ին, և մինչև 2021 թ. հուլիս ամիս ամեն օր, բացի կիրակի օրերից, բուժվել է այստեղ: Բարդ հրազենային վնասվածք էր ստացել. վնասվել էր ձեռքի զարկերակը, նյարդը:

-Կինեզիստները փորձում էին բացել ձեռքս: Խնդիրը լուրջ էր. կրկին վիրահատվելու կարիք եղավ, որից հետո նորից վերադարձա «Զինվորի տուն» վերականգնողական բուժական պրոցեդուրաների: Այժմ արդեն դրական մեծ տեղաշարժ կա: Այստեղ վերաբերմունքը զինվորի հանդեպ բացառիկ է: Բացի այդ, մասնակցում ենք կրթական ծրագրերին: Սովորել եմ «Picsart»-ում՝ որպես նախագծի ղեկավար: Ուսման ավարտին ստացա հավաստագիրս և աշխատանքի հրավեր գրասենյակից: Բուժումներից հետո մտադիր եմ աշխատանքի անցնել:

«ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆԸ» ՀԱՄԱԼՐՎԵՑ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՎՀենրիկ Նիկողոսյանը նույնպես 44-օրյայի մասնակից է: Մեկ տարի 3 ամիս ծառայել է Հադրութում, մասնակցել քաղաքի պաշտպանական մարտերին:

-Այսօր, ի դեպ, իմ վերածնվելու օրն է,- ժպտալով ասում է նա:- Երբ հրետակոծությունն սկսվեց, անմիջապես մեկնեցինք դիրքեր:

Նույն օրը երեկոյան Հենրիկը հրազենային վիրավորում, ողնուղեղային վնասվածք է ստանում զոհված հրամանատարի մարմինը կրակի տակից դուրս բերելիս: Հոկտեմբերի 14-ին վիրահատվել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, այնուհետև տեղափոխվել «Զինվորի տուն»:

-Այստեղ գերազանց թերապևտիկ բուժում եմ ստանում: Հիմա արդեն հնարավորինս ինքնուրույն եմ, այնպես, ինչպես դուք, սովորական առողջ մարդիկ: Ինքնուրույն հագնվում եմ, պառկում, նստում, բացի այդ, արդեն ֆիքսատորներով կանգնում եմ սեփական ոտքերիս վրա: Երբեմն ավելին եմ կարողանում անել, քան լիովին առողջ մարդը կաներ:

«Զինվորի տանը» բուժվելիս Հենրիկը անգլերեն է սովորել, մոդելավորում, ընդունվել Ճարտարապետական համալսարան՝ ցանցային դիզայնի բաժին:

«ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆԸ» ՀԱՄԱԼՐՎԵՑ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՎ-«Զինվորի տան» միջոցով գնացի նաև օդանավակայան, սովորեցի օդանավերի տեխնիկական սպասարկում: Հիմա դեռ բուժման մեջ եմ, չեմ աշխատում, բայց այստեղ առավելագույն հնարավորությունները կան սովորելու այն, ինչ կուզենայինք հաշմանդամություն ունեցողներս: Ընկերներիցս շատերը, որ դեռ բուժում են ստանում այստեղ,  արդեն աշխատում են:

Հայկ Ժամկոչյանը Նոր Հաճնից է: Ծառայության է անցել 2018 թ. հունիսին, «Ես եմ» ծրագրի առաջին զինվորներից է: Զորացրմանը ամիսներ էին մնացել, դիրքերում էր, երբ սկսվեց պատերազմը: Վիրավորվել է Հադրութում. ողնաշարն է վնասվել: Վիրահատվել է Էրեբունի հիվանդանոցում, իսկ 2020 թ. նոյեմբերից բուժում է ստանում «Զինվորի տանը»:

-Ֆիզիկական ակտիվության առումով օր օրի ավելի մեծ առաջընթաց եմ գրանցում,- ասում է Հայկը:- Փորձում եմ զարգացնել մկաններս, քայլեր անել: Իմ կյանքը 180 աստիճանով փոխվեց պատերազմից հետո. եթե մինչև այդ պատանու, երեխայի աչքերով, մատների արանքով էի նայում աշխարհին ու իմ գործերին, ապա այժմ, եթե ինչ-որ բան, մի գործ պետք է ստանձնեմ՝ ուզում եմ կատարյալ անել: Մասնակցել եմ կրթական ծրագրերին՝ կադաստրային գործ, անգլերեն, այնուհետև՝ մարքեթինգ: Շուտով կավարտեմ ուսումս՝ որպես մարքեթոլոգ, ու կփորձեմ աշխատանք գտնել: Աշխատում եմ նաև «Զինվորի տանը». «Գեղեցկություն զինվորներից» ՍՊԸ-ի աշխատակիցներից եմ: Երբեք չեմ հուսահատվում: Չնայած դժվար իրավիճակում ենք գտնվում, բայց ես հիմա էլ վստահ եմ, որ Հայաստանը ծաղկելու, զարգանալու է:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ